Հում սնունդ, հիվանդություններ, անգամ սեռական բռնության դեպքեր․ BBC-ն հետաքննություն է անցկացրել Մեքսիկա-ԱՄՆ սահմանին գտնվող ներգաղթյալ երեխաների ճամբարում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական BBC լրատվականը լրագրողական հետաքննություն է անցկացրել ԱՄՆ-ի սահմանին ներգաղթյալ երեխաների ճամբարում և նշում է, որ անապատում գտնվող պահման կետում ներգաղթյալ երեխաներն ապրում են տագնապալի ծանր պայմաններում՝ հիվանդություններ, հում սնունդ և նույնիսկ սեռական ոտնձգության դեպքեր։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում նկատվում է Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների և ապաստան հայցողների զանգվածային աճ, ինչը, ըստ մասնագետների, կապված է բռնության, բնական աղետների, համաճարակի և այլ պատճառների հետ։
Տեխասի Էլ Պասո քաղաքում գտնվող Ֆորտ Բլիս ռազմաբազայում տեղակայված վրանային ճամբարում ժամանակավորապես տեղակայված է ավելի քան 2 հազար երեխա, որոնք հատել են Մեքսիկա-ԱՄՆ սահմանն ու այստեղ սպասում են իրենց ընտանիքների հետ վերամիավորմանը։ BBC-ի իրականացրած հետաքննության տվյալներով՝ այստեղ տեղի են ունենում սեռական բռնության դեպքեր, կորոնավիրուսային և այլ վարակների բռնկումներ, ինչպես նաև առկա է մաքուր հագուստի բացակայություն և առողջ սննդի պակաս։
Ճամբարը բաղկացած է 12 վրաններից, որոնցից մի քանիսում միանգամից հարյուրավոր երեխաներ են ապրում և իրենց օրվա մեծ մասն անցկացնում են հենց այնտեղ։ Հայտնի է, որ բժշկական օգնության կարիք ունեցող մի շարք երեխաների անտեսել են։
Ճամբարի աշխատակիցներին չի թույլատրվում խոսել առկա իրավիճակի մասին, սակայն այնտեղից դուրս եկած պատանիները պատմել են, թե ինչ պայմաններ են առկա ճամբարում։ Աշխատակիցներից ոմանք էլ, սակայն, հակառակ աշխատանքային պայմաններին, խոսել են ճամբարի մասին՝ նշելով, որ ոջիլները համատարած են, իսկ անապատում հաճախ բարձրացող քամին ամբողջ ավազը լցնում է վրանների մեջ։ Նրանք նույնիսկ նկարներ են տրամադրել լրատվականին։
Հայտնի է, որ ներգաղթյալ երեխաներին, որոնց ծնողների զգալի մասին չի թույլատրվում մուտք գործել երկիր, Ջո Բայդենը թույլ է տալիս մնալ Միացյալ Նահանգներում, և նրանք միջին հաշվով 31 օր են անցկացնում ճամբարում, որից հետո միավորվում են ԱՄՆ-ում ապրող իրենց հարազատների հետ (լրատվականի փոխանցմամբ՝ նրանց մեծ մասն ԱՄՆ-ում ազգականներ ունի)։ Լրագրողական հետաքննությունը ցույց է տվել, որ երեխաների մեծ մասի հոգեհուզական վիճակը զգալի վնասվում է։