Մակրոնը մեկնաբանել է անծանոթ տղամարդուց ապտակ ստանալու միջադեպը (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չչափազանցել «ապտակի միջադեպի» նշանակությունը և շեշտել է, որ ինքը շարունակելու է հանդիպել ֆրանսիացիների հետ:
Ինչպես գրում է տեղական Dauphiné հրատարակությունը, պետության ղեկավարը նշել է, որ այս իրավիճակից հետո իր մոտ մտահոգություններ չեն առաջացել։
«Ես շարունակել եմ ողջունել այն մարդկանց, որոնք այդ մարդու հետ էին և լուսանկարվել եմ նրանց հետ: Ես շարունակել եմ և կշարունակեմ: Ոչինչ չի խանգարի ինձ»,- ասել է Մակրոնը։
Նախագահը հավելել է, որ այժմ «ամեն ինչ կարգին է» և կոչ է արել միջադեպին «սահմանափակ նշանակություն» տալ: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում խոսքի ազատություն և բազմակարծություն կա, և ժողովուրդը հավատարիմ է հանրապետական արժեքներին:
«Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը հետաքրքրված է խորքային խնդիրներով... եկեք թույլ չտանք մեկուսացված փաստերին, ագրեսիվ դեմքերին, որոնք միշտ ներկա են ցույցերին, տիրապետել հանրային քննարկումների. նրանք դրան արժանի չեն: Սա չպետք է ստվեր գցի շատ այլ կարևոր թեմաների վրա, որոնք ազդեցություն ունեն շատերի կյանքի վրա», - եզրափակել է Ֆրանսիայի առաջնորդը։
Հիշեցնենք, որ Մակրոնը Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում ապտակ էր ստացել մի տղամարդուց։
Միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել երկու անձ:
Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն` բռնում: