Մկներ, սողուններ, միջատներ. «Ռոսկոսմոս»-ը կենդանիներին Լուսին ուղարկելու համար տիեզերանավ կստեղծի
Ռուսաստանի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան պատվիրել է ստեղծել նոր տիեզերանավ՝ կենդանիներին Լուսին ուղարկելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով պետական գնումների կայքին:
Դրա օգնությամբ նախատեսվում է իրականացնել «կենդանի օրգանիզմների վրա միջմոլորակային թռիչքի գործոնների համատեղ ազդեցության կենսաբժշկական ուսումնասիրություններ»:
Նախնական աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը պետք է որոշվի Վոզվրատ-ՄԿԱ-Լ տիեզերանավի նախագծային տեսքը: Տիեզերանավի գործարկման ժամկետը, սակայն, հայտնի չէ:
Ավելի վաղ «Ռոսկոսմոս»-ը ծրագրել էր միայն Վոզվրատ-ՄԿԱ և Բիոն-Մ կենսաբանական արբանյակները, որոնցից առաջինը կշահագործվի 2025 թվականից հետո` մինչև 200 հազար կիլոմետր բարձրության վրա, իսկ երկրորդը` 800 կիլոմետր բարձրության վրա կշահագործվի 2023 թվականին:
Ինչպես նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Սիչևը՝ Վոզվրատ-ՄԿԱ-ով տիեզերք է ուղարկվելու 20 մուկ, իսկ Բիոն-Մ-ով սողուններ, միջատներ, բույսեր ու միկրոօրգանիզմներ: