«Վստահ էր, որ հաղթելու ենք». զոհված Հայկազ Մկրտչյանի մեդալը Եռաբլուրում հանձնեցին հարազատներին
Արցախյան պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի «Մարտական ծառայության» նախագահի կողմից շնորհված մեդալը այսօր` ապրիլի 3-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանձնեցին հարազատներին:
Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին նրա հարազատները, հրամանատարական կազմը:
«Ինքը միշտ ուրախ ու զվարթ էր, նույնիսկ պատերազմի ժամանակ ինքը իր տարերքի մեջ է եղել, շատ ոգեւորությամբ է մարտնչել: Պատերազմի ընթացքում ամեն օր խոսում էինք, ինքը ասում էր, որ մենք շատ ուժեղ ենք, ու վստահ էր, որ հաղթելու ենք, տրամադրությունը միշտ բարձր է եղել: Հայկազը ուզում էր ծրագրավորող դառնար, տարբեր երկրներում ճանապարհորդել»,-պատմեց քույրը` նշելով, որ Հայկազը ծառայում էր Տավուշում, որտեղից էլ տեղափոխել են Արցախ:
Հայկազի հրամանատարը իր խոսքում ասաց, որ նա մասնակցել է նաեւ հուլիսյան մարտերին, այնուհետեւ նաեւ Արցախում է մարտերին մասակցել:
«Ցավոք սրտի Արցախում Հայկազը հակառակորդի արձակած արկից ծանր վիրավորում է ստանում, որն անհամատեղելի է լինում կյանքի հետ: Շատ լավ կլիներ, եթե Հայկազը հիմա կենդանի լիներ եւ անձամբ ստանար իր մեդալը»,- ասաց հրամանատարը: