Շնորհակալ եմ ադրբեջանցիներին, որ հոլովակ են գցել ու տեսել եմ գերեվարված տղայիս. գերեվարված զինծառայողի մայր
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց:
Քաղաքացի Կիմայի որդին անհետ կորած է և ինքնությունը կարողացել են նույնականացնել ադրբեջանական օգտատերերի սոցցանցում տեղադրած հոլովակով:
«Իմ մինուճար տղային տարել են, ու ես մինչ օրս լուր չունեմ նրանից, շնորհակալ եմ ադրբեջանցիներին ՝գոնե հոլովակ են գցել, գերևարված տղայիս տեսել եմ: Մեկը դուռս չի ծեծել ու ասել՝ ինչ վիճակում է տղաս, գերի՞ է, զոհվե՞լ է, անհետ կորա՞ծ է:
Բոլոր պետական մարմիններին դիմել եմ: Պաշտպանության նախարարությանը տվել եմ տղայիս և իր 13 ընկերների լուսանկարները, բայց ոչինչ չեն անում, քանի որ իրենց տղաները չեն այդ օրին»,- ասաց քաղաքացին:
Քաղաքացու հավաստմամբ՝ մինչ օրս որևէ աջակցություն չի ստացել, իսկ տղայի աշխատավարձը պատերազմի առաջին իսկ օրից չեն տվել, տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին:
«Իմ երեխան անհետ կորած է, մեկը դուռս չի ծեծում՝ հարցնի՝ օրորոցում պառկած երեխան ոնց է ապրում, պատերազմ տարած օրվանից աշխատավարձը կտրեցին, սա ի՞նչ պետություն է, ի՞նչ ղեկավար, մենք չունենք ղեկավար: Թոռնիկս է ինձ հանգստացնում՝ ասելով՝ տատիկ, մի լացիր, պապան գալու է: Սա կյանք չէ, ես տղա եմ կորցրել, մինուճար տղա, ում 28 տարի մեծացրել եմ և պահել: Վերջին անգամ երեխայիս հետ խոսել եմ հոկտեմբերի 20-ին, ասաց՝ 3 ժամ անհասանելի եմ լինելու, ես մինչ օրս տեղեկություն չունեմ՝ ինչ վիճակում է տղաս, անզենք տարել են սահման:
Քաղաքացին նշեց, որ տղաներին մարդատար ավտոբուսով տարել են հանձնված տարածք:
«Երեխեքին անպատրաստ վիճակով լցրել են ավտոբուս ու տարել հանձնել են թշնամուն, ասելով՝ վարորդի վրիպակ է եղել, ավտոբուսով տարել են և հանձնել գրավված տարածք: Իրենց «վրիպակի» պատճառով մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ»,- ասաց նա: