Ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցողները և ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում նրանց
Ըստ վիճակագրության՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց քանակն աշխարհում գնալով ավելանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էխո» ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Խոսելով հաշմանդաություն ունեցող մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքի և առհասարակ հաշմանդմություն ունեցող մարդկանց խնդիրների մասին՝ բանախոսն ասաց, որ հայ հասարակությունը ճիշտ չի ընկալում, թե ինչ է նշանակում հաշմանդամություն: Մարդիկ հաշմանդամ ասելով միանգամից հասկանում են անկողնուն գամված կամ սայլակին նստած մարդու: Օհանջանյանը կարևորեց և այն, թե ինչպես են վերաբերվում են հաշմանդամներին իրենց ծնողները:
Ըստ բանախոսի մեր հիվանդանոցներում համապատասխան մասնագետներ չկան, ովքեր ճիշտ կերպով կբացատրեն, թե ինչ խնդիր ունի իրենց երեխան և ինչպես վարվեն նրա հետ:
Օհանջանյանը նաև ներկայացրեց իր պատմությունը. երբ ինքը 11 տարեկան էր, որոշել է, որ ինչպես բոլորը, ինքը ևս պետք է դպրոց գնա ու կրթություն ստանա: Մինչ 11 տարեկանը նրան ոչ մի դպրոց չի ընդունել. ինքը չի հիշում, թե ինչ էին պատճառաբանում: Հետո, սակայն, դիմել են Անահիտ Բախշյանին ու սկսել է դպրոց գնալ: Օհանջանյանն ասաց, որ ինքն այն ժամանակվանից է հասկացել, որ ֆիզիկական աշխատանք կատարել չի կարող և պետք է լավ սովորի՝ գիտելիք ստանալը կարևոր է: Այսօր արդեն ինքը բիզնես ոլորտում աշխատանքներ է ծավալում, կայքերի ձևավորմամբ է զբաղվում:
Պետական կառույցներում իրեն աշխատանք գտնել չի հաջողվել, որովհետև բժշկական թղթում գրված է եղել «Անաշխատունակ»: Այս բառի կիրառությունը Օհանջանյանը սխալ է համարում: Անահիտ Բախշյանը՝ հանդիպման մյուս բանախոսն էլ, խոսելով Սերյոժա Օհանջանյանի մասին, ասաց, որ նա իրենց մոտ գալուց մեկ տարի անց ֆիլմ է նկարահանել, որում հայտնել է, որ համակարգչային մասնագետ է դառնալու: «Դարձել է»,- ասաց Անահիտ Բախշյանը: Նա շեշտեց, որ պետք չէ մոռանալ, որ մեզանից ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամություն ստանալուց: