Արևելյան Միջերկրականի երկրները ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը:
«Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական հարաբերությունների ամրապանդմանը և մասնակից երկրներում պահանջարկի և առաջարկի բավարարմանը»,- մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը գերատեսչության հայտարարությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ նոր կազմակերպությունը կոչված է ապահովելու Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից Եվրոպա և այլ պետություններ բնական գազի արտահանումը:
Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտարարել է Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, «Գազի արևելամիջերկրական ֆորումը, որը մինչև հիմա սոսկ քննարկումների հարթակ էր, փաստորեն վերածվում է միջազգային կազմակերպության»: Նոր տարածաշրջանային կառույցի կանոնադրության վրա տեսախորհրդաժողովի ռեժիմով աշխատել են Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Պաղեստինի և Իտալիայի էներգետիկայի նախարարների ներկայացուցիչները: «Մենք ձգտում ենք դառնալու տարածաշրջանային էներգետիկական կենտրոն»,- խարտիան ստորագրելուց հետո հայտարարել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարար Թարիք ալ Մուլլան: Կահիրեում շահագրգռված են կազմակերությանը երկու երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միացման հարցում: