Ի՞նչ է նախատեսում արտակարգ դրությունը երկարաձգելու նոր որոշումը. ԴԱՀԿ-ն այս ընթացքում չի կարող բռնագանձում անել
Արտակարգ դրությունը 30 օորով երկարաձգելու այսօր կառավարության կողմից կայացված որոշման մեջ որոշ փոփոխություններ են առաջարկվել:
Հարցը կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով. «Առաջարկվում է արտակարգ դրության սահմանափակել հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունը, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու համար:
Ունենք նման դեպքեր, երբ իրավաբանական անձինք որոշակի սոցիալական աջակցություն են տալիս որոշակի խմբերի, եւ քանի որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդեն արգելանքներ էր դրել կատարողական վարույթի շրջանակներում, նշված սոցիալական աջակցությունը չի ծառայում իր նպատակին, դրա համար այս փոփոխությունն ենք առաջարկել:
Բացի այդ հանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն»:
Նրա խոսքով, եւս մեկ փոփոխություն է արվել, մասնավորապես, եթե հիմա պարետի որոշմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, հիմա առաջարկվում է հստակեցնել, որ այդ արգելքը տարածվում է ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետը կարող է այս արգելքից բացառություններ նախատեսել: