Ինչպիսի՞ն կլիներ ոստիկաների արձագանքը, եթե որևէ ակտիվիստ տղա համբուրեր կին ոստիկանի պարանոցը
«Ինձ պարզապես հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլիներ ոստիկաների արձագանքը, եթե որևէ ակտիվիստ տղա համբուրեր կին ոստիկանի պարանոցը»,- այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Սոնյա Մսրյանը՝ խոսելով համացանցում տարածված լուսանկարի մասին, որում մի ոստիկան համբուրում է ակտիվիստ աղջկա պարանոցը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Կոմիտաս 5 հասցեում: Անդրադառնալով մեր թղթակցի դիտարկմանը, թե հասարակության շրջանում այն կարծիքն է արմատացել, որ այդ աղջիկն ինքն է թույլ տվել, որ ոստիկանը համբուրի իր պարանոցը, Սոնյան նշեց. «Այն, որ ոստիկանն անթույլատրելի արարք է գործել, դա ակնհայտ է: Որոշ մարդիկ չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել ծառայողական համազգեստով ոստիկանների` իրավական հարթությունում իրականացվող խախտումները և կառչում են բարոյական հարթությունում հորինովի փրփուրներից: Այն, որ այդ աղջիկը թույլ է տվել, թե ոչ, թող ոչ մեկին չհուզի: Ոստիկանը ծառայողական պարտականությունների ժամանակ իրեն թույլ է տվել ոչ իրավաչափ արարք և պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ նրանք, ովքեր իսկապես մտածում են, որ այդ աղջիկն է թույլ տվել, կպատասխանեմ այսպես՝ ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»,-ասաց նա: Մեր թղթակցի դիտարկմանը, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, թե իրականում այդ ոստիկանը չի համբուրել ակտիվիստի պարանոցը, այլ փորձել է պաշտպանվել մարդկանցից, ովքեր ցանկացել են պոկել իր ուսադիրները, Սոնյան նշեց. «Ուրեմն Օսիպյանը տեսողության հետ կապված խնդիրներ ունի կամ շատ է նայում գիտաֆանտաստիկ ֆիլմեր: Անշուշտ, նախանձում եմ նրա անսպառ երևակայությանը: Նա մինչև հիմա չի խոսել քաղաքացու շահերից: Միշտ պաշտպանել է ոստիկանության տեսակետերը»: