Ադրբեջանն այլևս անհետաքրքիր է ԱՄՆ համար. Ռիչարդ Կոզլարիչ

1994-1997 թթ. Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցրած ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Կոզլարիչի կարծիքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու Վաշինգտոնի համար ուշադրության արժանի իրադարձություն չէր, քանի որ բոլորն էլ գիտեն տարածաշրջանային իրավիճակը, և այցը կանխատեսելի էր: Ավելին` ամերիկացի դիվանագետի կարծիքով` ծիծաղելի է Պուտինի այցը կապել ադրբեջանական ներքին խնդիրների և ադրբեջանական ընդդիմության' այսպես կոչված ռուսական հովանավորչությունը վայելելու հանգամանքի հետ, ինչպես կարծում են Բաքվի որոշ պաշտոնական շրջանակներ' փորձելով դրանով հրավիրել Արևմուտքի ուշադրությունը Բաքվի վրա:
«Իրավիճակը բավական ահագնացող է, քանի որ երկրում նկատվում են բազմաթիվ բացասական պրոցեսներ, որոնք ոչ միայն ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների հետ են կապված: Բաքվի իշխանությունների համար այն սխալ կարծիքն է ձևավորվել, թե Ադրբեջանն ավելի է պետք Արևմուտքին, քան Արևմուտքն` Ադրբեջանին: ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից, հետևաբար Ադրբեջանի նշանակությունը որպես Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին սատարող երկիր, նվազում է: Բացի այս, Եվրոպան այլևս չունի էներգակիրների սուր կարիք և այնտեղ սկսել է արագորեն զարգանալ գազարդյունահանումը, որը և ծածկում է եղած բացը: Բացի սա, վերջին 5 տարում բավական սառել են Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները և ԱՄՆ-ն էլ այլ հեռանկարներ ունի: Հետևաբար, Արդբեջանն այլևս անհետաքրքիր է Արևմուտքի համար»,- եզրափակել է Կոզլարիչը: