ԼՀԿ-ի՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ԱԺ-ն մերժեց ընդգրկել օրակարգ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ԱԺ-ն մերժեց ընդգրկել օրակարգ։ Նախագիծը չընդունվեց 38 կողմ, 42 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ։
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր պաշտպանել կենսաթոշակառուների՝ մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների իրավունքները և օրենքի մակարդակով բացառել արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռքբերելու դեպքում այդ իրավունքից զրկումը: Առաջարկվող կարգավորմամբ՝ լիազորագրի ժամկետը առաջարկվում էր 1 տարուց երկարացնել մինչև 15 տարի:
Ըստ Գրիգորյանի՝ այն անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում մեկնելով արտերկիր՝ զրկվում են կենսաթոշակի իրավունքից:
Մյուս դեպքում, ծանր անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակը ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկից հրաժարվում են գնալ և ստորագրություն վերցնել նոր քարտ տրամադրելու համար: Երկրորդ տարբերակն էլ անձամբ ներկայանալն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում, ինչը ևս կիրառելի չէ այս քաղաքացիների համար:
Բոլոր խմբակցությունները հավաստիացրեցին, որ հարցը քննարկման կարիք ունի, մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ հարցի քննարկումը պետք է տեղափոխել հանձնաժողով, այնտեղ ընդունեն և նոր ներկայացնեն։