Ի՞նչ ռազմավարությամբ են երկրորդ փուլի ընթացքում առաջնորդվելու Զելենսկու նախընտրական շտաբում
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, այդ իսկ պատճառով հաղթողը կորոշվի երկրորդ փուլում:
«Զելենսկու ընտրապայքարն ընթանում է «Ինչպես դառնալ նախագահ և մնալ սովորական մարդ» կարգախոսով: Սա ավելի թափանցիկ է դարձնում ընտրապայքարը, և հավանաբար առաջին անգամ է Ուկրաինայում նման ընտրապայքար ընթանում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զելենսկու նախընտրական շտաբի խորհրդատու Դմիտրի Ռազումկովը:
Նրա խոսքերով` իրենց շտաբում ոչ մեկը չի պատրաստվում թուլացնել ուժերը, և բոլոր աշխատակիցները լարված պատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը կկայանա ապրիլի 21-ին:
Խորհրդատուն նաև շեշտեց, որ իրենք առաջնորդվելու են նախապես մշակված ռազմավարությամբ և ոչ մի փոփոխություն չեն պատրաստվում իրականացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ռազումկովը նաև նշեց, որ իրենք չեն պատրաստվում ցեխ շպրտել իրենց մրցակիցների վրա, պիտակներ կպցնել և չեն պատրաստվում վիրավորել ընտրողներին, ովքեր ընտրել են ուրիշ թեկնածուի: