Facebook-ը 2600-ից ավելի էջեր և ֆեյսբուքյան խմբեր է ջնջել
Ամերիկյան Facebook ընկերությունն իր սոցիալական ցանցում ոչ հավաստի տեղեկության տարածման դեմ պայքարի շրջանակում 2600-ից ավելի էջ, ֆեյսբուքյան խմբեր և օգտահաշիվներ է ջնջել, այդ թվում` Ռուսաստանի և Իրանի հետ կապված:
Ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ու իրանական էջերը կապված չէին միմյանց հետ, սակայն կիրառում էին նման մարտավարություն` մարդկանց մոլորեցնելու համար ցանցում էջեր ստեղծելով: Սոցցանցը նաև նշել է, որ տարածվող նյութերը վերաբերում էին ուկրաինական լուրերին և քաղաքականությանը, Ղրիմին, Դոնբասի հակամարտությանը:
Բացի Ռուսաստանից, ջնջված էջերի մի մասն առնչություն է ունեցել Իրանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Facebook-ը մի քանի անգամ Ռուսաստանի և Իրանի կառավարությունների հետ կապ ունեցող հարյուրավոր օգտահաշիվներ էր ջնջել, որոնք, ըստ սոցիալական ցանցի, փորձել են ազդել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի քաղաքական գործընթացների վրա: