Ինչո՞ւ «Հյուսիս-հարավի» աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել
Ըստ տարածված լուրերի` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի աշխատակիցները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: Այս մասին լրագրողները հետաքրքրվել են տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանից: Վերջինս նշել է, որ խնդրին ծանոթ են:
«Մեծ ուշադրություն է դարձվում այդ խնդրին: Խոսքը վերաբերում է Աշտարակ-Թալին հատվածին: Կապալառու ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություն, որի հետ պայմանագիր են կնքել, որպեսզի վերջինս օգնի այդ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնելու հարցում: Նրանք իրականցրել են որոշակի աշխատանքներ, սակայն կապալառու ընկերությունը չի վճարել նրանց այդ հարվածի աշխատանքի համար:
Այն ստացականները, որոնք ստացվել են կապալառու ընկերության վերահսկող ինժեներական ընկերության կողմից, տրվել են նախարարությանը, և ապացուցվել է, որ այդ աշխատանքներն իրականացվել են: Թե ինչ պատճառով կապալառու ընկերությունը չի վճարել ենթակապալառու ընկերությանը, մեզ հայտնի չէ»,- ասել է Հակոբ Արշակյանը և շեշտել, որ հորդորել են ընկերություններին պահպանել գործընկերային հարաբերություններն ու խնդրին լուծում տալ:
Նախարարը նաև հավելել է, որ այդ հարցում պետությունն իր պարտավորություններն ամբողջապես կատարել է: