Դայակները մեծ պահանջարկ են վայելում. Զարուհի Բաթոյան
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է «Դայակ պետության կողմից» ծրագրի մասին: Նա ասել է, որ ծրագրի շահառուների թիվը նախատեսված 200-ից ավելացել է` հասնելով 475-ի:
«Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում, սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է»,- ասել է նախարարը:
Ժողովրդագրական վիճակը բարելավելու համար նախատեսվում է մշակել և ներկայացնել մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե´ աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե´ այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը, նշել է նախարարը: