Շաքար, բանան, բենզին ներկրող խոշոր ընկերությունների բաժինները նվազել են․ նախարար
Հայաստանի կառավարության գործունեությունն այս շրջանում միտված է եղել տնտեսության ներառականությունը մեծացնելուն, ինչի արդյունքներն արդեն երևում են։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Օրինակ, եթե մենք խոսում ենք շուկաների ազատականացման մասին, 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս, եթե նախկինում դա եղել է 95 տոկոս։ Բանան ներմուծողների դեպքում եղել է 30` նախկինում եղած 57-ի փոխարեն։ Բենզին ներկրող խոշոր ընկերության տեսակարար կշիռը դարձել է 29-ը` նախկին 43-ի փոխարեն, և այդպես շարունակ», – ասաց նախարարը։