Նեթանյահուն փոխում է ԱՄՆ այցի օրակարգը և ժամանակից շուտ վերադառնում հայրենիք
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է ԱՄՆ այցի ժամկետը և վերադառնում հայրենիք, որպեսզի կառավարի Գազայի հատվածում հնչած կրակոցներին հասցվելիք ուժային պատասխանը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Երկուշաբթի առավոտյան պաղեստինյան հրթիռն ընկել է երկրի կենտրոնական՝ խիտ բնակեցված հատվածում գտնվող բնակելի շենքի վրա. յոթ անձ վիրավորվել է, նրանց թվում երեխաներ կան:
Վարչապետի՝ ԱՄՆ այցը պետք է ձգվեր մինչև մարտի 27-ը: Նեթանյահուն մտադիր էր բանակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հանդիպել Կոնգրեսի ղեկավարության հետ, ելույթ ունենալ իսրայելամետ AIPAC-ի խորհրդաժողովին: Այցի հիմնական իրադարձությունը պետք է լիներ ԱՄՆ առաջնորդի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ իսրայելական ինքնիշխանության ճանաչումը:
Այցի ժամկետի կրճատումից հետո տեղի կունենա միայն Թրամփի հետ հանդիպումը, որից հետո Նեթանյահուն կլքի ԱՄՆ-ն:
Իսրայելի վարչապետն արդեն քննարկում է անցկացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի, Հակաահաբեկչական ծառայության և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հետ:
Գազայի հատվածի ողջ արևելյան սահմանային գծով վերսկսվել են պաղեստինյան ու իսրայելական զինված ուժերի միջև բախումները: Դրանք կապված են արդեն գրեթե մեկ տարի շարունակվող «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի հետ: