Ինքնակոչ գուշակը կանգնել է դատարանի առաջ
Կան բազմաթիվ միայնակ կանայք, ովքեր ամուսին գտնելու համար պատրաստ են գրեթե ամեն ինչի: Մի թրքուհի դիմել է գուշակի, ով իր բիզնես գործունեությամբ զբաղվում էր Ստամբուլի Պեշիկթաշ թաղամասում: Աղջիկն իսկապես պատրաստ է եղել ամեն ինչի, միայն թե ամուսին գտնի:
Գուշակն արագ գնահատում է իրավիճակը: Նա ասում է, որ կկազմի աստղաբանական քարտեզ, ինչի միջոցով էլ պետք է գտնվի ընտրյալը: Հետո ասում է, որ աղջկա երջանկության ճանապարհն «արգելափակված է», և միայն 2000 թուրքական լիրան կարող է բացել այդ ճանապարահը: Աղջիկը համաձայնում է վճարել: Հասկանալի է՝ միակն ու անկրկնելին չի գտնվում: Գուշակը շարունակում է գումարներ շորթել՝ խոստանալով գտնել նրա սիրուն, այս անգամ ավելի թանկ գնով՝ 4000 լիրայով:
Եվս 6 ամիս է անցնում, ցանկալի տղամարդը չի գտնվում: Դեռևս միայնակ, բայց արդեն նաև խաբված աղջիկը դիմում է ոստիկանություն: Գուշակն այդ ամենը հավանաբար չէր կանխատեսել: Նա կանգնում է դատարանի առջև՝ շորթման մեղադրանքով: Նրան դատապարտում են 3 տարվա ազատազրկման, գրում է Mirror պարբերականը։