Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել
Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկան որեւէ հարազատ չի այցելել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«Մինչև հիմա որևէ հարազատ չի այցելել երեխային, գիտենք, որ ընտանիքը գտնվում է անապահով վիճակում»,- ասաց նա։
Կարինե Բաբայանը նաեւ մանրամասներ հայտնեց աղջկա վիճակի մասին․ «Նրա վիճակը շոկային է, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Ամեն ինչ անում ենք երեխայի կյանքը փրկելու համար»,- ասաց բժշկուհին՝ այնուամենայնիվ որևեւ կանխատեսում չանելով՝ երեխան կապրի, թե ոչ։
Նա նշեց, որ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: