Վարչապետ Փաշինյանը Ենոքավանում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Այս մասին տեղեկանում է Կառավարության լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային
տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ
թեմաների:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական
հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք
հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու
բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության
զարգացմանն ու ընդլայնմանը:
Այս համատեքստում, կողմերը կարևորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաև նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում: