Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան
համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի
աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման
ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում
զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է:
Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի
կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի
փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներագրավել
մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային
հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր:
Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի
շրջանառությունը կազմել է 1,5 միլիոն դոլար. 2025–ին ակնկալվում է այդ թիվը
հասցնել գրեթե 13 մլն դոլարի:
Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և
նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում
օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և
ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին: