Թաիլանդում 8 տարում առաջին անգամ համընդհանուր ընտրություններ են անցկացվում
Թաիլանդում 2011 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Թագավորության բոլոր ընտրատեղամասերում անվտանգության միջոցառումները բարձրացվել են։ Քվեարկելու իրավունք ունի 51․4 մլն մարդ։
Երկրում ընտրական ցիկլն ընդհատվել էր 2014 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջմամբ, երբ իշխանությունը զավթեցին զինվորկանները։ Նրանք խոստացել էին քվեարկություն անցկացնել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։
Ընտրություններում հիմնական մրցակիցներն են զինվորականների ու նախկին վարչապետ Թաքսին Չինավատի կողմնակիցները։ Չինավատը տապալվել է 2006 թվականին, այժմ նա թաքնվում է արտերկրում, նրան մեղադրում են իշխանության չարաշահման մեջ։ Կուսակցական ցուցակներով խորհրդարանում հայտնվելու համար պաքարում է ավելի քան 2800 թեկնածու, 44 կուսակցությունից 68 հավակնորդ պայքարում է վարչապետի պաշտոնի համար։
Քվեարկության արդյունքում կընտրվի խորհրդարանի ստորին պալատի 500 անդամ, սակայն, նոր Սահմանադրությամբ՝ վերին պալատի 250 անդամներին պետք է նշանակեն զինվորականները։