Տեղի է ունեցել Հայկական ռեստորանների միության հիմնադիր ժողով
Երեկ՝ մարտի 23-ին, տեղի է ունեցել Հայկական ռեստորանների միության հիմնադիր ժողովը, որի ընթացքում ներկայացվել են նորաստեղծ կառույցի գործառույթները, առաքելությունն ու գործունեության նպատակները, պետություն-ռեստորանային բիզնես փոխշահավետ համագործակցության ուղիները:
Ներկաներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ողջունել է գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ շնորհավորելով համաժողովի մասնակիցներին և մաղթելով հաջողություն հետագա գործունեության ընթացքում:
Համաժողովի նախաձեռնողներից, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր ելույթում նշել է.
«Ողջունում եմ ոչ միայն Միության ստղեծման գաղափարը, այլև՝ մեզ, որ մենք միասին կարողացանք լուծել մեր ոլորտի զարգացումը խաթարող լուրջ խնդիրը, կարողացանք տեր կանգնել մեր շահերին ու ապացուցել, որ այս ոլորտի զարգացումն ապահովողը մենք ենք»:
Դավիթ Երեմյանը անդրադարձել է նաև մի շարք խնդիրներ, որոնք անհետաձգելի են և կարևոր ոլորտի զարգացման տեսանկյունից՝ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաստատում, խոհարարի և մատուցողի մասնագիտությունների հեղինակության բարձրացում, սպասարկման ոլորտի բարեփոխում, տեղական արտադրողների և գյուղական համայնքների հետ համագործակցություն, հայկական խոհանոցն արտերկրում պատշաճ ներկայացնելը:
Համաժողովի նախաձեռնող խմբի նիստում բաց քվեարկությամբ ընտրվել է Հայկական ռեստորանների միության կառավարման խորհուրդը:
Ձևավորված կառավարման խորհրդի առաջին նիստում կընտրվի նաև խորհրդի նախագահը կամ նախագահող խումբը, որը հետագայում կներկայացնի կառույցն ու վերջինիս գործնեության արդյունքները: