Կենդանաբանական այգու աշխատակիցները մասնակցել են շաբաթօրյակին
Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են, որ այգու բուն տարածքում համարյա անելիք չկար. միայն կարանտինին կից մնացել էր ՀԽՍՀ մեքենաշինության «գլուխգործոց» ԵՐԱԶ-ի մի թափք, որը հավանաբար ինչ-որ շրջանում ծառայել էր ինչ-որ նպատակի: Ինչևէ, թափքը այդտեղից տարան, շրջակայքը մաքրվեց:
Ինչ վերաբերվում է Այգու մատույցներին ու մասնավորապես Մյասնիկյան պողոտայից Կենդանաբանական այգի բերող կամրջի ձախ կողմին, նշվում է՝ պարզապես սարսափելի վիճակ էր:
«Մեծ հույսեր ունենք, որ նման մասշտաբային աղբահանության կարիք չի լինի, մանավանդ որ աղբը ցանկապատից այն կողմ նետելու սիրահարները շատ հանգիստ կարող են մոտենալ այդ ցանկապատի աջ հատվածում գտնվող երկու մեծ աղբարկղերին ու իրենց նետելիքը այնտեղ գցեն»,-ասված է հաղորդագրության մեջ: