Չինաստանի քիմիական գործարանի ողբերգական պայթյունի զոհերի թիվը հասել է 64-ի
Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, 28 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի Յանչեն քաղաքի ղեկավար Ցաո Լուբաոն:
Աղբյուրը հայտնում է, որ ներկայում հնարավոր է պարզել մահացածների միայն 26-ի ինքնությունը: Հաղորդվում է, որ 21 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է, 73-ը՝ ծանր: Լուբաոն խոսել է նաև մյուս վիրավորների մասին, որոնց մոտավոր թիվը, տեղի իշխանությունների հաղորդած տվյալներով, անցել է 600-ի սահմանը:
«Մեր տվյալներով՝ քաղաքի 16 բժշկական հաստատություններ թվով 617 մարդ է դիմել, նրանցից 523-ը թեթև վնասվածքներ է ստացել: Դրանք հիմնականում քերծվածքներ, պատռվածքներ կամ վերջույթների վնասվածքներ են եղել»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ ներկայում 143 մարդ բժշկների ստացիոնար հսկողության տակ է գտնվում: