Աննա Հակոբյանը հորդորել է նախ` աղբը չթափել, ապա չմտածել, որ ուրիշի թափածը չպետք է հավաքել
Այսօր Համազգային թատրոնի հիմնարկեքի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքը մաքրելուն է անցել, շինհրապարակ են եղել նաև վարչապետի ընտանիքի անգամները՝ կինն ու դուստրերը:
Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը, մասնավորապես այն հարցում, որ իրենք չպետք է մաքրեն ուրիշի թափածը: Նախ` պետք է աղբ չթափել, ապա քաղաքին վերաբերվել որպես տան, որը մաքրում ես` անկախ նրանից, դու թե ուրիշն է թափել.
«Տարածքով չի որոշվում, քաղաքը մեր քաղաքն է, երկիրը մեր երկիրն է: Մենք չպետք է աղբի մեջ քայլենք: Էդ մոտեցումը, իհարկե, պետք է օր առաջ փոխենք մեր մեջ, երբ փոխենք, երևի մաքուր կպահենք»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ նախապես որոշված է եղել շաբաթօրյակը սկսել մարզից, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հիմնարկեքի արարողությունից առաջ շաբաթօրյակ իրականացնել շինհրապարակում, ընտանիքի անդամներն էլ որոշել են չսպասել ու միանալ նրան:
Աննա Հակոբյանը նաև ասել է, որ երեխաներին աղբը չթափել պետք է սովորեցնել հենց փոքրիկ աղջկա՝ Արփիի տարիքից, ուստի պատահական չէ, որ նաև Արփին է մասնակցում շաբաթօրյակին: