Ի՞նչ է կատարվում Քարահունջում. աստղադիտարանի շուրջ սկանդալը կրկին բորբոքվել է
Քարահունջի աստղադիտարանի շուրջ սկանդալը կրկին բորբոքվել է: Մասնագետները պնդում են, որ այնտեղ կատարվող պեղումները վերածվել են վանդալիզմի, իսկ հակառակ կողմը պնդում է, որ այն երևէ աստղադիտարան չի եղել` այն ավելի շուտ դամբարանադաշտ է:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մաթեմատիկոս ու Քարահունջի հետազոտող Վաչագան Վահրադյանը նշեց, որ վաղուց արդեն գիտականորեն ապացուցվել է Քարահունջի աստղադիտարան լինելու փաստը և այժմ անընդունելի է համարում Աշոտ Փիլիպոսյանի կողմից Քարահունջում իրականացվող հնագիտական հետազոտությունները, որոնց ընթացքում գիտնականը փաստում է, որ կորել են քարեր և լինգով վնասել են պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանը:
Խոսելով Քարահունջ պատմամշակութային համալիրի տնօրեն Աշոտ Ավագյանի մասին` Վաչագան Վահրադյանը նշեց, որ Ավագյանը հուշարձանների մոտ ինչ-որ անհասկանալի հեթանոսական ծիսակարգեր է կատարում:
«Բավականին զարմանալի պահվածքով մարդ է Աշոտ Ավագյանը: Քարահունջում նա միջոցառումներ է կազմակերպում: Օրինակ` կիսամերկ կին է բերել ու մարմնի վրա նկարներ է նկարում: Թե ինչ սիմվոլներ է նկարում, թող մնա իր խղճին: Նա ասում է, թե իբր հեթանոս է»,- ասել է Վահրադյանը:
«Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արթուր Արամյանը և Արթուր Բունիաթյանը վարչապետին նամակ են ուղարկել, որով պահանջում են ուշադրություն դարձնել Քարահունջում իրականացվող, իրենց գնահատմամբ, «վանդալիզմին» և պեղումները դադարեցնել:
Արդեն հայտնի է, որ նամակը վարչապետի կողմից մակագրվել է մշակույթի նախարարությանը: