Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչ սկզբունքով է սահմանվել Քաղաքացու օր տոնը
Անցած տարվա իրադարձությունները, եւ այն օրը, որ պետք է նշենք Անկախության տոնից հետո երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում։ Այդ մասին այսօր՝ մարտի 21–ին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով կառավարության որոշումը, ըստ որի, ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվել է Քաղաքացու օր։
«Մենք դա արձանագրում ենք, բայց չենք ֆիքսում կոնկրետ օր, ֆիքսելու անհրաժեշտությունը չկա, տարիներ անց, եթե որևէ կառավարություն կցանկանա՝ կֆիքսի»,– ասաց Հարությունյանը։
Հարցին՝ արդյոք քաղաքացու օրը որպես տոն նշելը կապված է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա՝ ապրիլի 23–ի հետ, մինչդեռ ընտրվեց ապրլի վերջին շաբաթ օրը, Հարությունյանն ասաց, որ Քաղաքացու օրը այս ժամանակացույցի՝ ապրիլի 23-ի հետ չի համընկնում. «Ընտրեցինք ապրիլի վերջին շաբաթ օրը, որպեսզի լրացուցիչ հանգստյան օր չունենանք»։
Արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը տոն է հարցին, Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, որ ամենամեծ մասսայական միջացառումները եղել են ապրլի 23–ին եւ նաեւ մայիսի 2–ին»։