Պատգամավորն ինքը կառավարության անդամին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունի. Փաշինյան
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկվեց եւ մերժվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում էր կառավարության անդամներին, կառավարությանը, վարչապետին, նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների եւ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում քննել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան, հարցի քննարկում կազմակերպելու դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել նրան:
Զեյնալյանը նշեց՝ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում խոսքը ոչ թե վարչական, այլ քաղաքական պատասխանատվության մասին է, այսինքն եթե կա խոչընդոտելու փաստ, կարող է բարձրանալ տվյալ պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Կառավարությունն առաջարկեց ձեռնպահ մնալ գործող օրենքում փոփոխություններ անելուց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Էլ չեմ ասում, որ պատգամավորն ինքը կառավարության անդամին կամ կառավարությանը պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունի՝ իր հրապարակային ելույթներով եւ այլնով: Եթե գտնում է՝ ինչ-որ բան այնպես չի արվել, պատգամավորը շատ ուժեղ ամբիոն ունի եւ կարող է այդ հարցը լուծել, չեմ կարծում, որ նման կարգավորումը ճիշտ է»: