Գողություն մատնահարդարման կենտրոնում (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
2018թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ից մինչև 18:30-նն ընկած ժամանակահատվածում, Երևանի Թումանյան փողոցում գործող մատնահարդարման կենտրոնի սպասասրահում իր պայուսակից գաղտնի հափշտակվել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր և գումար՝ պատճառելով 308 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է մատնահարդարման կենտրոնում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: