Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը (տեսանյութ)
Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել:
Հիվանդանոց տեղափոխվելու օրը ավելի քան 3 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը հաջող անցավ, թեև երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվում էր ընդամենը 1 տոկոս: Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը:
Երկար ժամանակ՝ մոտ 20 օր, երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում: Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեց:
Նարեկի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնց մասին քչերը գիտեն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում ու բժշկական հրաշքներ է գործում: