Գեղարքունիքում կա դպրոց, որն ունի միայն 1 աշակերտ, որի վրա ծախսում ենք 19 մլն դրամ․ ԿԳ նախարար
Սակավաթիվ աշակերտներով դպրոցների օպտիմալացման նախկին մեխանիզմը չեղարկվել է, և հիմա յուրաքանչյուր այդպիսի դպրոցի օպտիմալացմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության նախարարությունը։ Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում քննարկման ժամանակ ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դիցուք, Գեղարքունիքի մարզում կա մի դպրոց, որտեղ կա 1 աշակերտ, որի վրա մենք ծախսում ենք … երևի աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է … 19 միլիոն դրամ։ Ընդ որում՝ էս աշակերտին բերել են լրիվ ուրիշ մարզից, որ դպրոցը կարողանան պահել։
Հիմա մենք մարզպետի հետ քննարկում ենք այն հարցը, որ եթե էս աշակերտը մնալու է, ապա մենք կարող ենք իրեն մի հատ շքեղ մեքենա գնել, մի հատ թանկարժեք վարորդ վարձել նրա համար, և դա պետության վրա շատ ավելի էժան նստի, քան այն, որ հիմա մենք ֆինանսավորում ենք», – ասաց Հարությունյանը։