Պատմության մեջ առաջին անգամ Աբելյան մրցանակը շնորհվել է կին մաթեմատիկոսի
Մրցանակը ստացել է 76- ամյա ամերիկուհի Քարեն Ուլենբեքը` նվազագույն մակերեսների ուսումնասիրության համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան:
«Երկրաչափական անալիզի բնագավառում Քարեն Ուլենբեքի աշխատություններն զգալիորեն փոխել են մաթեմատիկական լանդշաֆտը: Նրա տեսությունը հեղափոխականորեն փոխում է նվազագույն մակերեսների մասին հասկացությունները, նրա մեթոդներից հիմա օգտվում են բոլոր առաջատար մաթեմատիկոսները»,- հայտարարել է Աբելյան կոմիտեի ղեկավար Հանս Մունթե Կաասը:
76-ամյա Ուլենբեքը Տեխասի համալսարանի պրոֆեսոր է: Աբելյան մրցանակը, որը հանձնվում է 2003 թվականից մաթեմատիկայի ոլորտում արված նշանակալի հայտնագործությունների համար, Ուլենբեքին կհանձնի անձամբ Նորվեգիայի թագավորը: Հերալդ V թագավորը կհանձնի նաև դրամական մրցանակը` վեց միլիոն նորվեգական կրոն (շուրջ 620 հազար եվրո): Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օսլոյում, մայիսի 21 -ին:
Հիշեցնենք, որ մաթեմատիկան միակ բնագավառն է, որի ներկայացուցիչներին չեն հանձնվում Նոբելյան մրցանակներ: