Երկրի և ժողովրդի հոգսերը շարունակում են մնալ իմ մտահոգությունները․ Նազարբաև
Ղազախստանի նախագահի պաշտոնը գրեթե 30 տարի զբաղեցնող Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարվելու մասին խոսել է ուղիղ եթերում: Նա Ղազախստանի հանրային հեռուստաալիքով դիմել է քաղաքացիներին:
«Ես ինձ համար ոչ դյուրին որոշում եմ կայացրել՝ հրաժարվել Ղազախստանի նախագահի լիազորություններից: Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»
Նախագահը իր ելույթում վերհիշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկիրը հայտնվել էր տնտեսական և քաղաքական կոլապսի մեջ: Նա ասել է, որ դա եղել է երկրին ուղղված մարտահրավեր, որն իրենք ընդունել են և սկսել են ակտիվորեն կերտել սեփական զարգացման ուղին: Նախագահը նաև ասել է, որ համընդհանուր ջանքերի շնորհիվ իրենց հաջողվել է այդ ճանապարհին հայտնված խոչընդոտները հաղթահարել, ներառյալ 2007-2012 համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Նազարբաեվը նշել է, որ այս ջանքերի շնորհիվ է, որ Ղազախստանը հայտնվել է աշխարհի զարգացած երկրների շարքում:
« Մենք աշխարհի 50 զարգացած երկրներից ենք: Մինչև 2050 թվականը մշակվել է երկրի զարգացման ծրագիրը: Մեր նպատակն է հայտնվել աշխարհի 30 ամենազարգացած երկրների շարքում:»
Նազարբաևը նաեվ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի քաղաքացիներին երկար տարիներ ցուցաբերած աջակցության համար:
«Ամբողջ այս տարիների ընթացքում դուք աջակցել եք ինձ բոլոր ընտրություններում, աջակցել եք իմ նախաձեռնությունները: Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել իմ մեծ ազգին, հայրենիքին: անչապ շնորհակալ եմ ձեզ: Շնորհիվ ձեր աջակցության ես աշխատել եմ առանց ուժերս, էներգիաս, առողջությունս և ժամանակս խնայելու, որպեսզի արդարացնեմ ձեր վստաությունը:»
Ըստ Ղազախստանի Սահմանադրության՝ գործող նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նրա լիազորությունները փոխանցվում են Խորհրդարանի նախագահին, մինչև ընտրական ժամկետի ավարտը: Այնուհետև երկրում կանցկացվեն նախագահական նոր ընտրություններ:
Խորհրդարանի ներկայիս նախագահը՝ Կասիմ Ժոմարտ Տոկաևն է, որը նախկինում զբաղեցրել է նաև վարչապետի պաշտոնը: Չնայած անսպասելի հրաժարականին՝ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ կշարունակի մնալ երկրի անվտանգության խորհրդի և իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնում: Նա կպահպանի նաև Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։
«Այսինքն մնում եմ ձեզ հետ: Երկրի և ժողովրդի հոգսերը շարունակում են մնալ իմ մտահոգությունները:»
Քաղաքագետները մեկնաբանելով Նազարբաևի հայտարարությունները, արդեն ենթադրություններ են հնչեցնում, որ այդ քայլով նա թողնում է նախագահի պաշտոնը, բայց ոչ իշխանությունը: