«Աղջիկ-մաուգլին» սկսել է խոսել
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, սկսել է խոսել: Այս մասին հայտնել է «Москва» լրատվական գործակալությունը:
Հիվանդանոցի մանկական բաժանմունքի գլխավորի բժշկի փոխանցմամբ՝ երեխան առաջինը շփվել է բժիշկների հետ, որոնց վերահսկողության տակ էլ գտնվում է այժմ։ Գլխավոր բժիշկը նաև հայտնել է, որ երեկան սկսել է արտաբերել առանձին բառեր՝ առայժմ շշուկով:
«Աղջկա վիճակի մեջ փոփոխություն կա, բժիշկների և հոգեբանների հետ ակտիվ աշխատանքից հետո նա արդեն սկսել է արտաբերել առանձին բառեր: Նա սկսել է անվանել առարկաները, ճանաչել մուլտֆիլմերի հերոսներին: Երբ նրան ցույց ենք տալիս կենդանիների նկարներ, նա դրանց տարբերակում է և անվանում: Շատ զգույշ և շշուկով է խոսում, այնպիսի տպավորություն է՝ կարծես վախենում է, որ հանկարծ ուրիշները կլսեն»,- ասել է գլխավոր բժիշկը:
Ավելի վաղ հայտնել էր, որ աղջիկը, որը երկար ժամանակ միայնակ էր մնացել աղբակույտերով լի բնակարանում, չէր խոսում և չափազանց հյուծված էր։
Հայտնի է նաև, որ բժիշկները վիրահատական միջամտությամբ հեռացրել են երեխայի վզի մաշկի մեջ ներաճած պարուրաձև մազակալը։
Նշենք, որ երեխայի մայրը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասի դեմ մահափորձի հոդվածով: Նա հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: