ID քարտը պետք է լինի միակ ընտրական փաստաթուղթը՝ կեղծիքից խուսափելու համար․ Փաշինյան
Քաղաքական հեղափոխությունից հետո դրա արդյունքները պետք է ինստիտուցիոնալ արձանագրում ստանան և հետդարձի հնարավորությունը չեզոքացվի։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ պրոցեսները դեռ չեն ավարտվել։
Վարչապետի խոսքով՝ պետք է հասնել նաև, օրինակ, Ընտրական օրենսգրքի կատարելագործման։ Վարչապետի խոսքով՝ հիմա ընտրություններին կարելի է մասնակցել երեք փաստաթղթով՝ անձնագիր, ID քարտ և կենսաչափական անձնագիր, ինչը կեղծիքների հնարավորություն է ստեղծում։
Փաշինյանն ասաց, որ մինչև մյուս ընտրություններ պետք է հասնել այն բանին, որ բոլոր քաղաքացիներն ունենան ID քարտ, որպեսզի հնարավոր լինի միայն դրանով կազմակերպել քվեարկությունը։ Ընդ որում՝ պետք է ցանցով կապված լինեն նաև ընտրատեղամասերը, որ մարդիկ չկարողանան նույն քարտով քվեարկել մի քանի տեղում։