Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ պետպարտքի ավելացման ճանապարհով
Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Եվրամիությանը ներկայացրած 13 ծրագրերին իր ֆինանսական մասնակցությունը։ Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախագծերը վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհների, էներգետիկ ոլորտի բարելավմանը, մոտ 20 նոր ջրամբարների կառուցման ծրագրերի իրականացմանը, կրթական եւ իրավապահ ոլորտների, ինչպես նաեւ դատաիրավական եւ հարկային համակարգերի բարեփոխումներին։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրերի իրականացմանը։ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն իր վրա չի վերցնի այս ծրագրերի ֆինանսավորման բոլոր պարտավորությունները։ Այսպիսով, Հայաստանը նույնպես պետք է իր ավանդը ներդնի։ Բայց այստեղ խոչընդոտ կա. «Պետական պարտքի մասին» օրենքում կան որոշ սահմանափակումներ, որոնց համաձայն՝ պետպարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ որոշակի տոկոսը։
Տեսանելի հեռանկարում Հայաստանը, այն բանի համար, որպեսզի իր ավանդը ներդնի ծրագրերի իրականացման մեջ, պետք է դիմի արտաքին աղբյուրներին, ինչը կարող է ենթադրել պետպարտքի ավելացում։ Մենք պետք է լրջորեն քննարկենք՝ պատրա՞ստ ենք արդյոք գնալ այս ճանապարհով, թե՞ ոչ։ Առաջիկա 20 օրերի ընթացքում մենք քննարկումներ կանցկացնենք Կենտրոնական բանկի եւ փորձագետների հետ, որպեսզի այս հարցի վերաբերյալ որոշում կայացնենք»,- նշել է Փաշինյանը։