Դատավորները հեռանում են ոլորտից, որովհետև գտնվում են թիրախում. Արտակ Զեյնալյան
Դատավորները համակարգից հեռանում են ոչ միայն աշխատավարձի, այլև հանրային վերաբերմունքի պատճառով: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ խոսեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Դատավորները հեռանում են ոչ միայն այն պատճառով, որ հույս չունեն, թե սոցիալական երաշխիքները կավելանան, այլ նաև, որովհետև դատավորները գտնվում են թիրախում: Դատավորների կամ դատական իշխանության նկատմամբ քամահրանքը, քննադատությունը մեծ է: Լուտանքը, որ թափվում է դատական իշխանության ու դատավորների վրա, դարձնում է այն ոչ հրապուրիչ: Այո´, մենք ունենք դատավորների թափուր տեղեր, հայտարարվում է մրցույթ, դրական գնահատական ստացողների թիվը շուրջ 3 անգամ պակաս է, քան թափուր տեղերն են»,- ասաց նա:
Դատական իշխանության հրապուրիչ լինելու համար, ըստ նախարարի, պատասխանատու է յուրաքանչյուրը:
«Դա արժեք է, դրա համար պետք է դողան բոլորը: Պետք է շատ զգույշ լինեն, երբ վարկաբեկում են դատավորին կամ դատական իշխանությանը: Քանի՞ փաստաբան գիտեք, որ գործ է պարտվել և բարձր է գնահատել դատական ակտը, հրապարակայնորեն շնորհավորել է հաղթող կողմի փաստաբանին, երբ պարտվել է դատական ակտը: Չի կարող այնպես լինել, որ բոլոր դատական ակտերը վատը լինեն»,- ասաց նա: