Չկա հարց, որի պատասխանը ես չունեմ. Փաշինյանը լրագրողներին հորդորեց չխուսափել հարցեր տալուց
Մարտի 23-ին Հայաստանում հայտարարված է համապետական մաքրության օր: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.
«Այդ օրը մենք բոլորս, հույս ունեմ, կմասնակցենք համապետական մաքրության այդ գործողություններին: Ինքս էլ դրան մասնակցելու եմ, կփորձեմ թերևս մասնակցել նախապես չհայտարարված որևէ բնակավայրում: Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները ևս ակտիվ կմասնակցեն: Վիզուալ առումով երկրում ամենամեծ պրոբլեմներից մեկը աղբի համատարածության պրոբլեմն է, կհամարեմ, որ երկրում իսկապես հեղափոխական մասշտաբի փոփոխություններ են տեղի ունեցել: Դա, իհարկե, վիզուալ կողմը կլինի խնդրի, եթե մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից և այլ թափոններից՝ ավտոմեքենաների, կրպակների թափոններից: Այս գործընթացն ուրախ եմ, որ սկսվել է արդեն»:
Փաշինյանը նաև հորդորեց՝ իրեն դիմել ցանկացած հուզող հարցի պատասխանը ստանալու համար, քանի որ, նրա խոսքերով, հաճախ «համացանցում փոթորիկ առաջացնող» հարցեր են լինում, որոնք չեն հնչում ասուլիսին, ապա հույս հայտնեց, որ իրեն հարցեր կուղղվեն ամեն ինչի մասին՝ անձնականից մինչև երկրի արտաքին քաղաքականություն:
«Չկա հարց, որի պատասխանը ես չունեմ, մի՛ մտահոգվեք, հանգիստ առաջադրե՛ք ձեր հարցերը»,- ասաց նա: