Երևանի 4 բուժկենտրոնում բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների համար
Երևանի չորս բուժկենտրոններում հատուկ բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների և ձերբակալվածների սպասարկման համար։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով բարեփոխումների գործընթացը։
Նա նշել է, որ նման բաժանմունքներ հետագայում կբացվեն ոչ միայն Երևանում, այլև Վանաձորի, Գյումրիի և Գորիսի որոշ բուժկենտրոններում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում իրականում սկսել է գործել պայմանագրային-ժամանակից շուտ ազատման ինստիտուտն այն անձանց համար, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման։ «Ընդհանուր առմամբ, այս ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ավելի քան 230 մարդ ժամանակից շուտ ազատ կարձակվի»,- պարզաբանել է Զեյնալյանը։