Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է մայրաքաղաքում շների ստերջացման ծրագրի որոշ դրույթներ
Երևանում սկսվել է թափառական շների ստերջացման և չիպավորման ծրագրի իրականացումը։ Հիշեցնենք, որ խոսքն առայժմ միայն շների մասին է։
Քաղաքապետարանում տեղեկացրեցին, որ շներին հավաքելու, տեղափոխելու,
զննելու, պատվաստելու և ստերջացնելու ծրագրի իրականացումը սկսվել է մարտի
13-ին։ «Թեժ գծին» ստացվող տվյալները փոխանցվում են քաղաքապետարանին կից
«Թափառող շների վնասազերծում» նորաստեղծ կազմակերպությանը։ Երեք օրվա
ընթացքում ստերջացվել է 9 շուն։ Շներին հավաքելը կատարվում է նշված
կազմակերպության ուժերով։ Ներկայում շարունակվում է կլինիկայի կառուցումը,
իսկ առայժմ ստերջացման վիրահատությունները կատարվում են Երեւանի
Կենդանաբանական այգու կլինիկայում։ Հավաքում են ինչպես ոհմակային, այնպես
էլ ոչ ոհմակային շներին։ Ստերջացված կենդանիներին չիպավորում են եւ մի քանի
օր անց բաց թողնում այնտեղ, որտեղից նրանց տարել են։
«Ստերջացված կենդանիները գրեթե անվտանգ են հանրության համար, նրանց մոտ
նվազում է ագրեսիան եւ ոհմակներ կազմելու միտումը»,- նշվում է հարցման
պատասխանում։ Ստերջացված շների հետագա ճակատագրին ենթադրվում է հետեւել
չիպերի միջոցով։ Ինչ վերաբերում է գործընթացի հանդեպ հանրային
վերահսկողությանը, քաղաքապետարանում չնշեցին այդ վերահսկողությունն
իրականացնողներին՝ սահմանափակվելով «միջազգային եւ տեղական հասարակական
կազմակերպությունների մասնագիտացած կառույցների» հիշատակումով։
Միաժամանակ, կենդանապաշտպան կազմակերպությունների մի մասը շատ
քննադատորեն է տրամադրված՝ համարելով, որ այս ուղղությամբ քաղաքապետարանի
գործունեությունը բավական փակ է եւ ոչ միշտ մտածված։ Այսպես,
կենդանապաշտպանների կարծիքով, ստերջացման տեմպերը շատ դանդաղ են
(ենթադրվում է, որ արդյունքի հասնելու համար սեզոնի ընթացքում անհրաժեշտ է
ստերջացնել էգերի 70 տոկոսին, հակառակ դեպքում բնությունն իրենը կանի)։
Տարակուսանք է առաջացնում նաեւ կազմակերպության անվանումը, որն ի սկզբանե
ենթադրում է կենդանիների «վնասազերծում»։ Նախկինում այդ նույն կարգախոսով
առաջնորդվում էր տխրահռչակ «Յունիգրաֆ» կազմակերպությունը։