Նեղոսի հատակին գտել են Հերոդոտոսի նկարագրած 2500-ամյա նավը
Մոտ 2500 տարի առաջ խորտակված նավը, որը Նեղոսի հատակին գտել են ստորջրյա հնագետները, հնարավոր է, առաջին ապացույցն է, որ հռչակավոր պատմաբան Հերոդոտոսը բացարձակապես ճշգրիտ է նկարագրել տեսածը, փոխանցում է RG-ն:
Հետազոտությունը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի Ծովային հնագիտության կենտրոնի մենագրության մեջ, իսկ այդ մասին հակիրճ ներկայացված է Science Alert-ում: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը մ.թ.ա. 450 թվականին հրապարակած իր քրոնիկոններում նկարագրել է բեռնատար նավի բարիս տեսակը:
Կառուցվածքին նա նվիրել է մի ամբողջ 23 տող: Հերոդոտոսն անձամբ է տեսել նավը, որն օգտագործվել է Նեղոսով բեռներ տեղափոխելու համար: Նրա գծագրերի համաձայն՝ բարիսները կառուցել են փայտե տախտակներով, որոնք «ներկառուցվել են աղյուսե պատի նման»:
Կարերը կատարվել են պապիրուսով, իսկ ղեկն անցել է ողնափայտի անցքով: Ղեկի նման համակարգ կա նաեւ նավերի փոքր մոդելներում, որոնք գտնվել են փարավոնների դամբարաններում: Սակայն մինչ օրս հնագիտական հասատատում չկար:
2009 թվականին Նեղոսի հատակին հայտնաբերվել է նավերի մի ամբողջ գերեզմանոց, որոնք հնագետներն աստիճանաբար հետազոտում են: Գտածոների թվում է եղել նաեւ լավ պահպանված բարիս: Պահպանվածության աստիճանը հասնում է մոտ 70 տոկոսի:
Այն խորտակվել է մ.թ.ա. 664-ից մինչեւ 332 թվականներն ընկած ժամանակահատվածում Թոնիս-Հերակլիոն նավահանգստի մոտ եւ ստացել է «Նավ 17» պայմանական նիշը: Այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հերոդոտոսի նկարագրությանը: Բացառություն են կազմում միայն կողերը կապող լայնակի գերանները: Բայց գիտնականները չեն բացառում, որ պատմաբանն ուղղակի կառուցվածքը մինչեւ վերջ չի հասկացել:
«Հերոդոտոսը գրում է, որ այդ նավերն ունեցել են ներքին կարճ գերաններ, իսկ հայտնաբերվածում դրանք կարճ են,- ասում է Օքսֆորդի Ծովային հնագիտության կենտրոնից Դամիան Ռոբինսոնը: - Բայց ոչ ոք իրականում չգիտեր էլ, թե դա ինչ է նշանակում: Հնագետները նախկինում նման կառուցվածքներ երբեք չեն գտել»:
Նրա խոսքով՝ լավ պահպանված բարիսի ուսումնասիրությունն ապացուցում է, որ ընդհանուր առմամբ Հերոդոտոսը բավականին ճշգրիտ է նկարագրել նավերի այս տեսակը: