Մենք ոչ թե քանդելու, այլ կառուցելու ենք մանսարդներ. Հայկ Մարության
Մենք նախատեսում են ոչ թե քանդել մանսարդները, այլ հակառակը՝ մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե առաջիկայում սկսվելու են քանդվել երեւանյան շենքերի մանսարդները։
«Մանսարդների կառուցումը՝քաղաքի 5-րդ ճակատը, պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի եւ մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված»,–նշեց նա։
Քաղաքապետը որպես օրինակ հիշեց Փարիզը. «Փարիզի շենքերի տանիքների հարցը հենց այդպես է լուծվել, դրանով գեղեցկանում է քաղաքը, դրանով գեղեցկանում է շենքը, մարդիկ էլ նոր բնակարան են ստանում»։
Մարությանը, սակայն, շեշտեց՝ մանսարդների կառուցումը լինելու է միայն բնակիչների համաձայնությամբ. «Չկա քանդման գաղափար, կա կառուցման գաղափար, բայց դա պետք է լինի բնակիչների համաձայնությամբ»,–հավելեց նա։