Ամուլսարի հարցի շուրջ ձևավորված իրավիճակը մոտակա ժամանակներս անփոփոխ կմնա
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերությունը օրերս հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միեւնույն ժամանակ, նշվել է, որ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու եւ արագ լուծումներ տալու հնարավորությունները:
Այս առնչությամբ, News.am-ը հարցեր էր հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին, թե որոնք է խնդրի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը եւ հետագա քայլերը: Արդյոք Հայաստանի կառավարությունն արդեն ունի որոշում՝ կապված Ամուլսարի խնդրի հետ: Հայկական կողմը կգնա՞ ընդառաջ Լիդիանին, թե՞ կմերժի հանքի շահագործումը եւ կնախապատրաստվի միջազգային արբիտրաժում հնարավոր քննությանը:
Վարագ Սիսեռյանն ի պատասխան նշել է հետեւյալը. «Նշված հարցերի լուծումները եւ հետագա զարգացումները կախված են ներկայումս «ELARD» ընկերության կողմից անցկացվող համալիր փորձաքննությունից, որը կտեւի մինչեւ այս տարվա մայիս-հունիս ամիսները:
Երբ արդյունքները պատրաստ լինեն, կառավարությունը կորոշի, թե ինչ ուղղությամբ կշարժվի»: