Ավստրալիան կարգելի երկիր մուտք գործել ընտանեկան բռնության համար դատապարտվածներին
Ավստրալիայի իշխանությունները նախատեսում են անվավեր համարել զբոսաշրջիկի վիզան, եթե նա ընտանեկան բռնության համար դատապարտվել է 12 ամսից սկսած բանտարկության: Երկրում արդեն գտնվող ճանապարհորդներին, որոնք այս հոդվածով դատվածություն ունեն, վտարում է սպառնում, հայտնում է Lonely Planet-ը:
Բանն այն է, որ փետրվարի վերջին ուժի մեջ են մտել օրենսդրության մեջ կատարված լրացումները, որոնցով նախատեսվում է այսպես վարվել այն քաղաքացիների հետ, որոնք դատապարտվել են ընտանեկան բռնությանն առնչվող հոդվածներով:
Ավստրալիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության ինստիտուտի տվյալներով՝ ավստրալացի 6 կնոջից մեկը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: Կանաց ավելի քան կեսը (54 տոկոս) բռնության է ենթարկվել իր զուգընկերոջ կողմից:
«Մեր երկրում յուրաքանչյուր կին եւ երեխա իրավունք ունի իրեն անվտանգ զգալու»,- հայտարարել է ընտանիքում բռնության դեմ պայքարի բարեգործական կազմակերպության հիմնադիր Նիկոլ Էդվարդսը:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է բացարձակ անհանդուրժողականություն դրսեւորել այն անձանց հանդեպ, որոնք հակված են ընտանիքում բռնության, ուստի կազմակերպությունն այս նախաձեռնությանն աջակցում է: