Թալանել են «Ինգո Արմենիա»-ի Վանաձորի մասնաճյուղը. գողերն իրենց հետ տարել են նաև տեսանկարահանող սարքը
Երեկ՝ մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Աքուլյանը և հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչև մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և մտնելով ներս՝ մասնաճյուղը տակնուվրա են արել և այնտեղից իրեր հափշտակել:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հափշտակել են 7 հատ մոնիտոր, գրասենյակի տեսանկարահանող խցիկների հիշողության սարքը (DVR) և այնտեղ եղած գումարը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: