Երևանի բնակիչներին շենքերի ձեղնահարկերն օգտագործելու հնարավորություն կտրվի. Վիկտոր Մնացականյան
Մենք հնարավորություն ենք տալու Երևանի բնակիչներին որոշ թեք նաև հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, և շենքին համապատասխանի, և քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ հավելելով, որ դա առանձին ծրագիր է լինելու:
Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանը շահում է, որ տանիքների վերանորոգման համար այլևս միլիոնավոր դրամները չեն ծախսի:
«Որովհետև գիտեք, որ մեր բնակֆոնդը, հատկապես Կնետրոնի, շատ հին է: Մենք հիմա ուզում ենք խրախուսել, որ նոր շինարարություն զարգանա, Երևանի բնակիչները նոր քառակուսի մետրեր ունենան քաղաքի կենտրոնում, բայց առանց քանդելու, կառուցելու նոր շենքեր: Այլ ընդամենը շենքերի վրա հազարավոր նոր քառակուսիներ կավելանան:
Մենք ուղղակի թույլ կտանք, որ մի քանի շենքեր, որոնք արդեն սկսել են, որոնք գնել են հող, արդեն արել են փոսային աշխատանքները, դրանք թվով 10-12-ն են, բնակիչների հետ բանակցություններն ավարտին հասցնելուց հետո, մեկինը փոքրացնում ենք, մյուսինը հարկայնությունն ենք հստակեցնում»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, շատ չեն ուզում, որ Կենտրոնում շինարարություն լինի: