Ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ. Ավինյանը՝ Doing Business զեկույցում ՀՀ դիրքի մասին
Մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն:
Տիգրան Ավինյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է եւ շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Ըստ այդմ, կառավարությունը խիստ հետեւողական է լինելու անհրաժեշտ միջոցառումները կյանքի կոչելու համար:
Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առեւտրի, պայմանագրերի կիրարկման եւ սնանկության ճանաչման, ինչպես նաեւ գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:
Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի՝
1. նվազեցնել վարչարարական բեռը,
2. վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները,
3. պարզեցնել հարկային եւ մաքսային քաղաքականությունը,
4. սահմանել արտաքին առեւտրի կանխատեսելի միջավայր:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության եւ Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ:
Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:
Ավարտելով խոսքը, փոխվարչապետը նշել է, որ այսօր ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ եւ այս գործում յուրաքանչյուր ներգրավված անձ պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը: