Դաժան սպանություն Տավուշի մարզում. որդին կացնահարել է տարեց մորը
Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մարմնի վրա առկա են կացնի մի քանի հարվածի հետքեր:
Տավուշի մարզիչ քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:
Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը: