Աստված տա, բոլորս կարողանանք միշտ մեր աշխատանքին և ստատուսին հարիր պահել մեզ. Վիկտոր Մնացականյան
«Սպասեք մեկ ամիս ու կտեսնեք` էս ամառ ինչ ֆանտաստիկ տեղ է դառնալու Օպերայի տարածքը»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ապամոնտաժվող սրճարանների տարածք այցելած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Նրա խոսքով` պետությունը պետք է կատարի իմաստուն և խոհեմ քայլեր՝ հաշվի առնելով բոլորի շահերը: Օպերայի շահը երկկողմանի չէր, որովհետև Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Օպերայի կանաչապատ տարածքը զբաղեցրած էր բետոններով:
Քաղաքացիներից մեկը թաղապետին խորհուրդ տվեց նաև ստորգետնյա ավտոկայանատեղիները քանդել, քանի որ դրանք ավելի մեծ վնաս են հասցնում Օպերային:
«Եթե անհանգստություն ունեք, կասեմ` «Երևան տրանսը» կուսումնասիրի, բայց անկեղծ ասեմ, կենտրոնին հարկավոր են ստորգետնյա ավտոկայանատեղիներ»,- հակադարձեց Վիկտոր Մնացականյանը:
Լրագրողները հարցրեցին նաև երեկվա միջադեպի մասին, երբ ոստիկանը բռնություն էր կիրառել քաղաքացու նկատմամբ և նրա լիազորությունները դադարեցվել էին:
«Շատ ափսոսում եմ, շատ ցավում եմ: Իսկ գիտե՞ք, որ ոստիկանությունը խուլիգանության հոդվածով նյութեր է նախապատրաստում, այսինքն` եղել է երկկողմանի: Ոստիկանը կատարել է իր պարտականությունը, բայց մարդ ենք, չէ՞: Տնավարի զրույց չստացվի, բայց բոլորը ինձ գրում էին «ապրես, ո՞նց էդքան դիմացաք», «թաղապետին համբերություն», բայց ես էլ եմ մարդ, հասկանո՞ւմ եք: Ինչքա՞ն երեկ դեպք եղավ, որ փորձեցին վիրավորել, արհամարհական վերաբերվել մեզ և մեր աշխատակիցների հանդեպ:
Այնքան ստոր և սրիկա բաներ ենք լսել արդեն, Աստված տա, բոլորս կարողանանք միշտ մեր աշխատանքին և ստատուսին հարիր պահել մեզ»,- ասաց թաղապետը՝ նշելով, որ երեկ նկատել է մարդկանց, որ ոչ մի կապ չունեն սրճարանների հետ: